Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառակուսի կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Այս մասին Ստեփանավանում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:
Վարչապետի խոսքով՝ նախ՝ մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը:
«Ես ոչ թե դա կասկածի տակ եմ դնում, այլ ասում եմ, որ աշխատանքային պրոցեսում սահմանազատման հանձնաժողովները սեղանին պետք է դնեն փաստաթղթերը: Երբ մենք դա դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, որովհետև այն պարփակված է սահմանով և գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,- տեղեկացրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: