ԱՄՆ պետքարտուղարն Իտալիայում Յոթի խմբի արտգործնախարարների հանդիպման շրջանակում մեկնաբանել է Իրան-Իսրայել լարվածությունը, համոզմունք հայտնել, որ Թեհրանը պետք է պատասխան տա տարածաշրջանում ոչ կառուցողական գործողությունների համար: Էնթոնի Բլինքենը վստահեցրել է, որ հակաիրանական սահմանափակումների քաղաքականությունը կշարունակվի:
Խոսելով Գազայի հատվածում զարգացումների մասին՝ պետքարտուղարը կոչ է արել Թել Ավիվին՝ չխոչընդոտել փախստականների համար մարդասիրական մատակարարումները: Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնն աշխատում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման և ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց վերադարձնելու ուղղությամբ: «Միակ բանը, որ կանգնած է Գազայի ժողովրդի և հրադադարի միջև, ՀԱՄԱՍ-ն է», - համոզմունք է հայտնել դիվանագետը:
Բլինքենն անդրադարձել է Ուկրաինային, վստահեցրել՝ գործընկերներն անում են հնարավորը, երկարաժամկետ հեռանկարում աջակցելու այդ երկրի ռազմական, տնտեսական, ժողովրդավարական զարգացմանը: Նա կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր, զինամթերք և հրետանի տրամադրել Կիևին:
Պետքարտուղարի խոսքով՝ քննարկվում է ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի կարիքներին ուղղելու հարցը: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսն այսօր կհաստատի Սպիտակ տան նախաձեռնած աջակցության փաթեթը Կիևին՝ հակառակ դեպքում, Բլինքենի խոսքով, կարող է շատ ուշ լինել: