Երեկվա արձանագրության ամենակարևոր քաղաքական արձանագրումն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը դառնում է բազային սկզբունք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար, և դա արձանագրվելու է կանոնակարգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ հարցերին ի պատասխան:
Մենք ասում ենք՝ հակասությունների ի հայտ գալու ժամանակ ոչ թե խաղաղության պայմանագիրն է պետք համաձայնեցնել կանոնակարգին, այլ հակառակը:
Լրագրողների ճշտող հարցին՝ սահմանագծման հետևանքով կունենա՞նք գյուղեր, որոնք կզրկվեն ճանապարհներից, վարչապետը բացասական պատասխան տվեց:
«Ես խոսում եմ այսօրվա իրավիճակի մասին, որի վերաբերյալ երեկ պայմանավորվել ենք: Հիմա նույնիսկ Կիրանցի հատվածում խնդրահարույց այդ 1 կմ ճանապարհը չտեղափոխենք, այսօր Կիրանցն Աճարկուտ գյուղով ունի ճանապարհ: Այսինքն՝ այս ճանապարհը գործում է, և մենք սկսում մենք դրա նորոգումը: Մեր խնդիրը միայն Ոսկեպարի ճանապարհի հարցը լուծելը չէ, մեր խնդիրն է, որ այնտեղով միջպետական ճանապարհ անցնի, որովհետև մենք դա ենք պայմանավորվել:
Մենք խոսում ենք ռիսկերի, վտանգների նվազեցման և մեր ինքնիշխանության և անկախության զարգացման մասին: Այս որոշման իրականացումը մի աստիճանով բարձրացնելու է Հայաստանի միջազգային, տարածաշրջանային հեղինակությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում շատ բան է փոխվելու»,- տեղեկացրեց վարչապետը:
Վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ակնհայտորեն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա:
«Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումն իրագործելու հնարավորություն չունենա, այդ թվում՝ խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ այդ առումով հանգիստ է, որովհետև խոսել է և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի բնակիչների հետ: