Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հայտարարությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցերին, խոսել է նաև Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպման մասին:«Ոսկեպարում, ըստ էության, արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Ես նաև մեր սիրելի ոսկեպարցիներին ասացի՝ գիտեմ, հենց թուղթ ստորագրվի, գալու են ասեն՝ վայ, էս էն չի, էս ուրիշ բան էր, ուրիշ բան ասեցին, ուրիշ բան արեցին: Ես իրենց հետ դահլիճի ներսում ասացի՝ խնդրում եմ չհավատաք, որովհետև այն, ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ հենց այդպես է:
Նույնը վերաբերում է Կիրանցին: Մեր խոսակցությունների ժամանակ մենք շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել, բայց նաև ուզում եմ ասել, որ և՛ Կիրանցում, և՛ Ոսկեպարում, Բերքաբերում նման խնդրի ծագումը բացառված էր, դրա համար այդ թեմայով այնտեղ չեմ խոսել, ասել եմ, որ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, ինչ-որ հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար, մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք:
Այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինեն այլ լուծումներ, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ սահմանազատումն այն է, որ մեծ քարտեզներից մենք գալիս-կանգնում ենք հողի վրա, սակայն նույնիսկ ամենավերջին աշխատանքային քարտեզն ունի շեղումներ, այսինքն՝ այն քարտեզները, որ օգտագործվում են դելիմիտացիայի համար, երբ դառնում են նկարագրություն, որոշակի շեղումներ ունենում են:
«Նույն խնդիրները, որ ծագում են մեզ համար, հնարավոր է՝ ծագեն նաև Ադրբեջանի համար: Տարբերությունն այն է, որ ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, մեր գյուղերում ապրում են: Խորհրդային Միության ժամանակ այդ գյուղերը՝ Ոսկեպարը և Աշաղը Ասկիպարան, ըստ էության իրար մեջ են եղել, Կիրանցը և Խեյրումլին շատ մոտ են եղել իրար: Նկատի ունեմ՝ բոլոր հարցերը կլուծվեն, և բոլոր հարցերը լուծելի են»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով՝ սա անվտանգային ռիսկերի նվազեցման շատ էական գործոն է:
Ինչ վերաբերում է տարածքների փոխանակման հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա շատ լուրջ՝ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է, հիշեցրել՝ ոսկեպարցիների հետ հանդիպմանն է ասել, որ ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու են Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանները:
«Նրանք որոշ հարցեր են բարձրացրել, և այդ որոշ հարցերի մեծ մասն առնվազն այս փուլում հասցեագրված է»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ է խոսվում, թե ինչ գործառույթ է իրականացնելու բանակը:
«Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, և նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա բոլորովին ուրիշ խնդիր է»,- նշել է վարչապետը՝ հորդորելով սադրանքների չտրվել:
Վարչապետն ընդգծել է՝ մենք գնում ենք խաղաղության, ինչը շատ կարևոր անկյունաքար է խաղաղության գործընթացի համար:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ է լինելու ռուսական հենակետերի ճակատագիրը, վարչապետն ասել է, որ դրանք հայտնվել են մի իրադրության բերումով, իսկ հիմա այն, ինչ տեղի է ունենում, իրադրության էական փոփոխություն է:
«Իրադրության էական փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ինչը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ գործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահանություն»,- տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: