Ապրիլի 20-ին` ժամը 21։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան արգելափակված քաղաքացիներ և տուժած։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 2002 թ․) և Opel (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ այնուհետև Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային ցուցանակի սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Փրկարարները և տեղի ուժերը համատեղ, վարորդներին ու Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Բ․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել վթարված ավտոմեքենայի մասերը։