Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ստեփանավան այցի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց:
«Ուզում եմ էլի ընդգծել, որ, իհարկե, սա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի Հանրապետության համար:
Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:
Սա կարևոր նրբություն է, որովհետև դուք գիտեք, որ 1988-1991 թվականներին տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը: Մենք սա շատ կարևոր ձեռքբերում ենք համարում:
Ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Բայց սա անկյունաքար է, և այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որ ունենք Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և նաև Հայաստանի սահմանի ողջ երկայնքով:
«Որովհետև, եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, կարող ենք բոլոր վիճահարույց հարցերը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող՝ իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: