Ապրիլի 18-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը մասնակցել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմում անցկացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որը գլխավորել է փոխմարզպետ Հ․Գուլյանը։ Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:
«Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն էր ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Մ․Ասատրյանը, իսկ խաղարկման խմբի ղեկավարը՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Ա․Շամիրյանը։
Ուսումնավարժությանը մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, ՀՀ ՆԳՆ մարզային ոստիկանության, Աշտարակ և Թալին համայնքների, ինչպես նաև վթարային հակազդման ուժերի ներայացուցիչները։
Ուսումնավարժության նպատակներն էին՝
- Ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները՝ միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում։
- Ճշգրտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները, կատարելագործել փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ։
- Արտակարգ իրավիճակներում կազմակերպությունների գործունեության արդյունավետության ստուգումը։
- Կապի և ազդարարման համակարգերի պատրաստության ստուգումը։
- «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Արագածոտնի մարզի բնակչության պլանի» իրատեսության ստուգումը։
Ուսումնավարժանքի մեկնարկը տրվեց ՀԱԷԿ-ի տեխնոլոգիական պարամետրերի անվտանգ շահագործման սահմաններից դուրս գալու սցենարի խաղարկմամբ, որին հաջորդեց ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի կողմից մարզի ղեկավար կազմի ազդարարումը և վթարային իրավիճակի զարգացումը։
Ուսումնավարժության հաջորդ փուլերում մասնակիցներին առաջադրվեց խնդրադրում, իսկ իրավիճակի զարգացումը տեղի ունեցավ 8 միջանկյալների միջոցով։
Ընթացքում մասնակիցները փորձեցին իրավիճակին համապատասխան լուծումներ ներկայացնել և հանդես եկան զեկույցներով։
Շտաբային ուսումնավարժության ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, կատարված աշխատանքների ամփոփում և արդյունքների վերլուծություն։
Նշենք, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը կարևորում է նմանօրինակ ուսումնավարժությունների անցկացումը, որոնք ուղղված են ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունների և ունակությունների կատարելագործմանը և բնակչության պաշտպանվածության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։