Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի կանոնակարգի մեջ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների
հանդիպմանը:
«Սահմանազատման հանձնաժողովների այսօրվա պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքի շուրջ համաձայնությունը, որը պետք է շարունակի մնալ պետական սահմանի սահմանազատման հետագա գործընթացում հիմնական քաղաքական պայմանը»,- գրառման վերջում նշել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: