Ադրբեջանական պնդումները և որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված ենթադրյալ փաստաթղթի առնչությամբ արված հետևությունները բացարձակապես սխալ են և աղերս չունեն իրականության հետ:
Այդ մասին Առաջին ալիքի «Լուրերի» բացառիկ հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն:
«Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը նվիրված էր Հայաստանի հետ մեր երկկողմ համագործակցությանը, որի առանցքում տնտեսական հարցերն էին։ Անվտանգության հարցը չի ընդգրկվել հանդիպման օրակարգում: Հանդիպման միակ պաշտոնական արդյունքը մամուլի համար մասնակիցների համատեղ հայտարարությունն է»,- նշել է Ստանոն:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին «փաստաթուղթ», որն իբրև ընդունվել է ապրիլի 5-ին՝ Բրյուսելում, և ուղղված է Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդմանը: Հայաստանի արտգործնախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հերքել են տեղեկությունները: