Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Ահազանգում է Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը և նշում, որ Շուշիի 177-ամյա հուշարձան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2020 թվականի հակամարտության հետ առնչություն ունեցող գերեվարված բոլոր անձանց անվտանգությունը, ձեռնարկել բոլոր քայլերը` կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։