«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր և պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 19-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:
Խոսելով Ակադեմիական քաղաք ծրագրի մասին՝ պատգամավորը նշել է, որ կրթության մակարդակի բարձրացումը շատ կարևոր է մեր երկրի ապագայի համար: Նա հավելել է, որ նպատակ կա կառուցելու ժամանակակից պայմաններին համահունչ և տեխնիկայով հագեցած ուսումնական համալիր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությանը, անվտանգային խնդիրներին:
«Մեզ համար կարմիր գիծ է ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի մասին:
«Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, ուժեղացնենք մեր բանակը, դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը»,- ասել է պատգամավորը: