ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը քննարկել է Իրան-Իսրայել լարվածությունը, Իսրայելի պաշտպանությունն ամրապնդելու տարբերակները և այդ հարցում ռազմական գործընկերների հետ շփումները՝ հայտնել են Սպիտակ տնից:
Օրակարգում է եղել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի շուրջ իրավիճակը: Իսրայելը վճռական է ռազմական գործողություններ իրականացնել հարավային այդ քաղաքում՝ չնայած միջազգային գործընկերների առարկություններին, որ Ռաֆահում ապաստանած ավելի քան 1 միլիոն փախստականի կյանքին կարող է վտանգ սպառնալ:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ և Իսրայելի ներկայացուցիչներն ընդգծել են Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ-ի ուժերը ոչնչացնելու կարևորությունը, սակայն ամերիկյան կողմը նշել է, որ Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող քաղաքում հնարավոր գործողությունների հետ կապված մի շարք մտահոգություններ կան:
Իտալիայում Յոթի խմբի հանդիպման շրջանակում Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցում Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությանը և կարծում է, որ Իսրայելը կարող է հասնել իր ռազմական նպատակներին առանց ներխուժման: