ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ ապրիլի 18-ին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը «Երևանի համար 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում կազմակերպվել է և անցկացկացվել պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններից 7 թիմեր, ինչպես նաև՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի միջին մասնագիտական կրթական ծրագրի (քոլեջի) թիմը:
Մրցումներն անցկացվեցին հետևյալ ձևերում.
• ձգում կախ դրությունից պտտաձողի վրա,
• հրում հատակից՝ պառկած դրությունից,
• փոխանցումավազք,
• մարտական հագուստ-հանդերձանքի կրում,
• համալիր վարժություն:
Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու, առողջ ապրելակերպ վարելու, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով։
Միջոցառումը նաև լավագույն մասնագիտական կողմնորոշման միջոց է հանդիսանում, որի շրջանակներում դեռահասներին հնարավորություն է ընձեռվում որոշակի գիտելիքներ ձեռք բերել փրկարարի մասնագիտության վերաբերյալ, ծանոթանալ փրկարարական գործի առանձնահատկություններին և հետագայում կատարել համապատասխան մասնագիտության ընտրություն՝ ինքնակատարելագործման միջոցով՝ ձևավորված գիտելիքներին և հետաքրքրություններին համապատասխան։
Մրցաշարի արդյունքում պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող ճանաչվեց «Երևանի համար 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց Ճգնաժամային Կառավարման պետական ակադեմիայի թիմը, իսկ 3-րդ տեղում էր «Երևակ» կրթահամալիրի թիմը:
Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած, ինչպես նաև մասնակից բոլոր թիմերը պարգևատրվեցին Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի պատվոգրերով։
Հաղթող թիմերը հնարավորություն ստացան մասնակցելու 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում կայանալիք պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական առաջնությանը։