Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Կիևին 61 միլիարդ դոլարի ամերիկյան աջակցության փաթեթին, որը վաղը ներկայացվելու է քվեարկության:
Դմիտրո Կուլեբան հույս է հայտնել, որ փաթեթը կընդունվի, քանի որ, նրա խոսքով, Ուկրաինան պլան Բ չունի, նրան պլան Ա է պետք, այն է՝ Կիևին օգնության մասին օրենքի հաստատում Կոնգրեսի կողմից: Նախարարը նշել է, որ ԱՄՆ նախագահը և պետքարտուղարն աջակցում են Կիևին այդ հարցում:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հերթական անգամ կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի ՀՕՊ համակարգը: «Մեր գործընկերները կարող են դա անել, ինչպես տեսանք Մերձավոր Արևելքում»,- ասել է նախագահը:
Նա տեղեկացրել է, որ այսօր Ռուսաստանը հարվածել է Դնեպրին, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Զելենսկու խոսքով՝ հարձակման են ենթարկվել նաև Կրիվոյ Ռոգ և Սինելնիկովո քաղաքները։