Եթե մեզ հաջողվի հայտարարությունով սահմանված կետերով ճիշտ և ժամանակին շարժվել, ապա կունենանք իրավիճակ, որն աննախադեպ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Այս մասին Հանրային Հ/Ը եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ըստ էության` քաղաքակիրթ մի հարթակ է ստեղծվում, որտեղ կոնկրետ փաստաթղթերի, ձեռք բերված պայմանավորվածությունների, հնարավոր համատեղ աշխատանքի կանոնակարգի օգտագործմամբ մենք կունենանք հետզհետե ուրվագծվող և հստակեցվող ՀՀ և Ադրբեջանի միջև սահման: Երկար ժամանակ խոսում էնք այն մասին, որ տավուշյան այս հատվածներում չորս հայկական ու չորս ադրբեջանական գյուղերի միջև գոյություն ունեցող` Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում ֆիքսված սահմանները պետք է ֆիքսել և գնալ առաջ.: Կարծում եմ` հանձնաժողովները բավական արդյունավետ աշխատել են և արձանագրել»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով` կարևոր է, որ բանակցությունների միջոցով է գործընթացն առաջ գնում:
«Բանակցությունները շատ ավելի լավ են, քան ագրեսիայի միջոցով հարց լուծելը. քանի որ այս չորս գյուղերի շրջանում և մամուլով, և խոսույթով լարվածություն էր ստեղծվում, որոշեցինք այսպիսի մի առաջարկ արվի. կողմերը քննարկեցին և համաձայնեցին, որ այս ուղղությամբ են առաջ գնալու: Առաջին անգամ այսպիսի քաշ ունեցող փաստաթղթում ֆիքսել ենք, որ Ալմա Աթայի հռչակագիրը լինելու է հիմնարար սկզբունքը. այդտեղ վերապահում է արված, որ կա զուգահեռ ևս մեկ գործընթաց` «Խաղաղության պայմանագրի» մշակումը, որն ավելի վեր է, քան, օրինակ, երկու հանձնաժողովների միջև արձանագրությունները և հետագայում ընդունելիք կանոնակարգը»,- նշեց նա:
Հարությունյանը հստակեցրեց` Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյություն ունեցող սահմանները, ըստ էության, պետք է նկարագրվեն և ֆիքսվեն: