ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստենք առաջնայինը. հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Թերևս բոլորը գիտեն, որ Ադրբեջանը տևական ժամանակ չէր համաձայնում սրան: Հաջորդը, որոշված հատվածներում սահմանազատման գործընթացը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու պայմանավորվածությունն է, այսինքն՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզների հիման վրա: Կրկին, փաստենք, որ այս կետը եւս գրավոր կերպով Ադրբեջանը չէր համաձայնում արձանագրել:
Այսպիսով, «ինչ է սա տալու Հայաստանին» հարցը ունի անառարկելի դրական պատասխան` սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ: Եվ վերջում, թերևս, ավելորդ անգամ, բայց արձանագրենք. գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ ուղիղ նշվում են գյուղերի անունները փակագծում հայկական գյուղերի կողքը ՀՀ, ադրբեջանականը՝ ԱՀ նշումով: Ձևակերպված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն և կայունություն ոչ միայն մեր սահմաններին, այլև ողջ տարածաշրջանում»:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: