Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Հարություն Մերդինյանը, դուրս են եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն առաջին տեղով է դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:
Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը: Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում հավաքել է 14,733 միավոր, Ավետիսյանը՝ 14,666։ Մերդինյանը 14,600 միավոր է հավաքել նժույգ-թափեր վարժության որակավորման փուլում:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Վահագն Դավթյանը Փարիզ-2024-ի ուղեգիր կնվաճի, եթե օղակների վարժության եզրափակչում զբաղեցնի առաջին հորիզոնականը: Նժույգ-թափերի և օղակների եզրափակիչները կկայանան այսօր երեկոյան: