Ֆրանսիայում առգրավել են գործարար Արթուր Օչերետնիի՝ Ռուսաստանի նախագահի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ներկայիս ամուսնու առանձնատունը: Այդ մասին հայտնում է Challenges պարբերականը։
«Սյուզաննա» առանձնատունը, որը գտնվում է Բիարից քաղաքից ոչ հեռու՝ Բիսկայա ծոցի ափին, առգրավել են 2023 թվականի դեկտեմբերին։ Դա տեղի է ունեցել Transparency International-ի ֆրանսիական մասնաճյուղի բողոքից հետո: Իրավապաշտպանները պահանջել են ստուգել այն միջոցների ծագումը, որոնցով ձեռք է բերվել առանձնատունը:
Այն այժմ լքված է, և այնտեղ ոչ ոք չի ապրում։ «Սյուզաննա» առանձնատունը գնահատվել է 5,4 միլիոն եվրո: Այն ներառում է 450 քառակուսի մետր մակերեսով առանձնատունը՝ ութ ննջասենյակով, և հարակից տարածքը՝ հինգ հազար քառակուսի մետր մակերեսով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ռուս գործարար Արթուր Օչերետնիի առանձնատան առգրավմանը՝ հայտարարելով, որ Ֆրանսիայում Ռուսաստանի քաղաքացիների սեփականության առգրավումներն անօրինական են և խարխլում են այդ երկրի իրավական համակարգի հիմքերը: