ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը և պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև առկա դարավոր ջերմ ու բարեկամական հարաբերությունները, որոնք հատկապես վերջին տարիներին զարգանում են կանոնավոր կերպով:
Զրուցակիցները կարևորել են միջկուսակցական և միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաև տարբեր՝ առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումն ու սերտացումը:
Երկուստեք կարևորվել են փոխայցերն ու շփումները միջկուսակցական մակարդակում:
«Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական և ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես համոզված եմ, որ մենք ունենք ահռելի չօգտագործված պոտենցիալ և կարող ենք շատ ավելիին հավակնել և շատ ավելի մեծ արդյունքներ գրանցել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական երկխոսության և մշակութային համագործակցության ոլորտում»,- մասնավորապես ասել է Հայկ Կոնջորյանը:
Խմբակցության ղեկավարը չինացի հյուրերին ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար:
Հանդիպման ավարտին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կարևորել բազմակողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը տարբեր հարթություններում: