Արգենտինայի իշխանությունները ՆԱՏՕ-ին որպես Գլոբալ գործընկեր անդամակցելու հայտ են ներկայացրել։ Այդ մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Լուիս Պետրին։
«Մենք ցանկանում ենք դառնալ դաշինքի գլոբալ գործընկեր, ինչը հնարավորություն կտա արդիականացնել և մարզել մեր ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան»,- ասել է Արգենտինայի պաշտպանության նախարարության ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչայ Ջոանեի հետ հանդիպումից հետո:
2018 թվականի մայիսի 31-ին Բրյուսելում ստորագրվել է Կոլումբիայի հետ ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերության համաձայնագիրը։ Հանրապետության այն ժամանակվա ղեկավար Խուան Մանուել Սանտոսը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ դառնալ դաշինքի անդամ և մասնակցել նրա ռազմական գործողություններին։ 2022 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլումբիային պաշտոնապես շնորհեց ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ։