ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում քննադատել է ԵՄ դերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
«Ամեն օր մենք ավելի ու ավելի ենք համոզվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ԵՄ-ի դրական ներդրման բացակայության հարցում։ Ընդհակառակը՝ Եվրամիության ներկայացուցիչներն զբաղված են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ, քարոզչությամբ։ Զարմանալի չէ, որ դա օրինաչափ մերժում է առաջացնում տարածաշրջանի երկրների մոտ, որոնք միակարծիք են այն հարցում, որ Հարավային Կովկասում ծագող ցանկացած խնդիր պետք է լուծվի տարածաշրջանի ներսում և ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորելու համար և դա գործեց մինչև արևմտյան պատեհապաշտության միջամտությունը»: Զախարովայի խոսքով՝ Երևանը պետք է բացատրի, թե դա որքանով է անհրաժեշտ Հայաստանին: