ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024 թ․ ապրիլի 15-ին՝ երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Սամվել Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։
«Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ս․ Վարդանյանը ճանաչվել է տուժող։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, պատգամավոր Հակոբ Ասլանյանի հանդեպ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով: