Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 18-ի նիստին ներկայացրեց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող, ուսուցանման ու գրագիտության հետ կապված անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների՝ առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառողների զորացրման դեպքերին:
«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակները առաջարկվում է ճանաչել սահմանափակում պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումները, որոնց շրջանակներում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ և տեխնիկա վարելը, անձնակազմ ղեկավարելը»,- ասաց նախարարը:
Պապիկյանը պարզաբանեց՝ գիշերամիզությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է:
«Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա: Խոսքն անգամների մասին է»,- ասաց նա և հավելեց, որ հարցը քննարկվել է առողջապահության նախարարության հետ, և որ խոսքը այնպիսի հիվանդությունների մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնասել մարդու առողջությունը:
Անդրադառնալով որոշման նախագծին՝ Փաշինյանն ընդգծեց՝ հարցը և՛ քաղաքական, և՛ մասնագիտական հիմնավորման խնդիր ունի:
«Երբ մենք վիճակագրությունները նայում ենք, տեսնում ենք, որ անկանոնությունները շատ են: Իհարկե, այս թեման ուսումնասիրելիս մենք մի քանի պրոբլեմի ենք բախվել, որովհետև շատ դեպքերում մենք առաջնորդվում ենք լավատեսության այն կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը և այլն, այդտեղ պետք չէ շատ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել: Բայց երբ թեմաների մեջ խորանում ենք, տեսնում ենք բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ սողանցքեր, նաև մեր պրակտիկան է թույլ տալիս [եզրակացնել], որ սողանցքերը լայնորեն օգտագործվում են»,- ասաց նա:
Փաշինյանը նաև բարձրաձայնեց մի օրինակ, երբ ներկայացվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց իրականում հնարավոր չէ նույնականացնել՝ կիստայի մասին տեղեկությունն արդյոք այդ մարդու տվյա՞լն է, որ դրվում է գործերի մեջ, որպեսզի վերջինս ազատվի ծառայությունից:
«Կատաստորֆա է ուղղակի: Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Այս ամեն ինչով, ովքեր զբաղվել են մինչև հիմա, ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն: Ով զբաղվել է վերջին 5 տարում և չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, խնդիր եմ դնում, չեմ ասում՝ 1 օրվա ընթացքում, ամսվա ընթացքում, ընդհանրապես թող այդտեղ չաշխատի: Մենք չենք կարող անմեղության կանխավարկածը խախտել որևէ մեկի, բայց մենք էլ արարողակարգային ռեվերանսներով չպիտի ասենք: Մենք գիտենք՝ այդ մարդիկ ինչով են զբաղված եղել: Որին կապացուցենք, կկարողանանք ապացուցել, որին չկարողանանք ապացուցել, թող գնան, իրենց հավեսով ապրեն»,- ասաց Փաշինյանը: