ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, ներկաներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ: Առաջարկվող օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, լիցենզիայի գործողության կասեցմանը կամ դադարեցմանը, ցանցային օպերատորներին տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման պայմաններին առնչվող դրույթներ։
Հանդիպմանը մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, փորձագետներ։
Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: