ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է կառուցել երկկողմ համապարփակ օրակարգ, որի համար առևտրատնտեսական կապերի զարգացումը լավագույն հիմքը կարող է դառնալ։ Փոխադարձելով այս մոտեցումը՝ սաուդական կողմն առաջարկել է փոխհամաձայնեցնել երկու երկրների հետաքրքրություններն արտացոլող «ճանապարհային քարտեզ»՝ առկա ներուժի առավելագույն արդյունավետ իրացման նպատակով։
Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարները մտքեր են զբոսաշրջության, ծառայությունների առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, պարբերական ուղիղ չվերթների իրականացումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակել անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։
Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։ Տեղեկացնելով, որ ծրագիրն ուշադրության է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից՝ Արարատ Միրզոյանն առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռնվող հնարավարությունները։