Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուն (նստավայրը՝ Կիև):
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկու երկրների հարաբերություններին: Նաև առիթն օգտագործելով ուզում եմ նախապես շնորհավորել Ձեզ և հարավաֆրիկյան ժողովրդին ապրիլի 27-ի՝ ձեզ համար շատ կարևոր իրադարձության՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ:
Ուզում եմ նաև մաղթել Ձեզ և ձեր ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև հետևողականություն և կամք ժողովրդավարական արժեքներն արմատավորելու և դեմոկրատիայի սկզբունքները դավանելու գործում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Կասուն ասել է. «Մեծապես ոգևորված եմ այստեղ գտնվելու համար: Շնորհակալություն Ձեր կառավարությանը ջերմ ընդունելության համար: Արդեն իսկ շատ լավ հանդիպումներ եմ ունեցել արտգործնախարարության գործընկերների հետ: Ոգևորված եմ իմ նշանակման կապակցությամբ և իմ բոլոր ջանքերը կներդնեմ մեր պետությունների հարաբերությունների ամրապնդման համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՀԱՀ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղիներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորություններին, ինչը կնպաստի տնտեսական, գործարար, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ խաղաղ համակեցության ու բարիդրացիության սկզբունքներով հարաբերություններ կառուցելու վերաբերյալ: