ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հրաժարվել է օգտագործել «սառեցում» եզրույթը՝ կապված կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հետ։ Նա նշել է, որ «սառեցման» ընթացակարգ նախատեսված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում: Տասմագամբետովի խոսքով՝ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը որպես կազմակերպության անդամ, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։
«Նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից։ Այս հարցում հստակությունը կարևոր է դաշինքի բոլոր մասնակիցների համար, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման տեսանկյունից»,- շեշտել է կառույցի գլխավոր քարտուղարը:
Տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնման մասին լրագրողի հարցին, Տասմագամբետովը պատասխանել է.
«Եվրասիայում աշխարհաքաղաքական իրավիճակը ներկայումս բնութագրվում է անկայունությամբ և կարող է զարգանալ այնպես, որ առանձին երկրներ ցանկանան ստանալ ուժեղ դաշնակիցների աջակցությունը և հնարավորություն ունենան օգտագործել իրենց քաղաքական, դիվանագիտական և, անհրաժեշտության դեպքում, ռազմական ներուժը` ազգային շահերը պաշտպանության համար»:
Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: