Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է.
«Շնորհակալություն,
Պարո՛ն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում:
«Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես որակի ցուցիչ բոլոր հարթություններում` ներառյալ կյանքի, շրջակա միջավայրի, անվտանգության և, իհարկե, ժողովրդավարության որակը:
Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելու արտոնությունը ժողովրդավարության բարձր որակի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանքի վկայությունն է: Միևնույն ժամանակ, այդ արտոնությունը երկնքից իջած բարիք չէ, և կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ամենօրյա ջանք գործադրի` պահպանելու մեր հիմնարար արժեքներին համապատասխանող ժողովրդավարության մակարդակը:
Ժողովրդավարությունը մի երևույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների, հատկապես` այսօր, երբ մենք ականատես ենք լինում ագրեսիայի, պատերազմների խժդժությունների, ճգնաժամերի և անկայունության ամենաահասարսուռ դրսևորումներին ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, մենք պետք է գործենք այն գիտակցմամբ, որ ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու և պահպանելու համար:
Ժողովրդավարական խաղաղությունը նաև առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, մենք ապրում ենք վիթխարի տեխնոլոգիական առաջխաղացման դարաշրջանում: Թվային դարաշրջանը կտրուկ փոփոխել է մեր կյանքը` բացելով նոր հեռանկարներ և հնարավորություններ` միևնույն ժամանակ բերելով իր հետ նոր մարտահրավերներ, սպառնալիքներ և խոչընդոտներ:
Մենք չենք կարող և չպետք է հակադարձենք տեխնոլոգիական առաջընթացին, բայց մենք ունենք համընդհանուր պարտավորություն` տեխնոլոգիական զարգացումները ծառայեցնել ժողովրդավարության առաջընթացին, և, հետևաբար, մեր առաքելությունն է ապահովել ժողովրդավարական միջազգային իրավական հիմք տեխնոլոգիական զարգացումների` ներառյալ արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների կարգավորման համար:
Հարգելի՛ գործընկերներ, վերջին 75 տարիների ընթացքում մենք մշակել ենք ժողովրդավարության տարբեր հաջողված մոդելներ` հիմնված մեր հիմնարար արժեքների վրա: Այնուամենայնիվ, մենք չենք կարող ժխտել տարբեր անդամ պետություններում ժողովրդավարությունից նահանջելու խնդիրը:
Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար, և մենք չպետք է թերագնահատենք մեր բոլորի վրա վերջինիս ունեցած ազդեցությունը:
Մենք պետք է ակտիվորեն դիմակայենք դրան և ժողովրդավարությունից նահանջի նկատմամբ կիրառենք արժեքների, այլ ոչ թե իրական քաղաքականության վրա հիմնված մոտեցում` հավասար վերաբերմունք դրսևորելով ժողովրդավարությունից նահանջող բոլոր երկրների նկատմամբ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեր կազմակերպության նպատակն է նպաստել իրական ժողովրդավարության կառուցմանը, այլ ոչ թե արհեստական, կեղծ, անվանական կամ այլ փոխարինորդների ձևավորմանը, որտեղ ժողովրդավարությունն օգտագործվում է որպես շղարշ` ավտոկրատ ռեժիմները և նրանց իրավախախտումները քողարկելու համար:
Ուստի, մեր առաքելությունը ժողովրդավարությունից նահանջելու վաղ կանխարգելման իրական մեխանիզմների մշակումն է ու ամբողջ Եվրոպայում իրական ժողովրդավարության կայացմանը նպաստելը:
Շնորհակալություն»: