Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:
«Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, և ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք և ուրախ կլինենք անել ամեն բան, որպեսզի Հայաստանն էլ ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»,- նշել է Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության և միջխորհրդարանական մակարդակում կառուցողական համագործակցության համար:
«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է: Շնորհակալ ենք և մեծապես կարևորում ենք միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Լիտվայի աջակցությունը ժողովրդավարությունն ավելի դիմացկուն դարձնելու, ինչպես նաև ժողովրդավարական պետությունների ընտանիքում Հայաստանի տեղն ամրապնդելու հարցում»,- ասել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, Հարավային Կովկասում և Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը և միջխորհրդարանական հարթակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել Լիտվայի Հանրապետության խորհրդարանում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում: