Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ, եթե այն ընդունվի երեք ընթերցմամբ։
«Ես վետո կկիրառեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, ինչպես անում եմ այլ օրենքների դեպքում, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին»,- ասել է Զուրաբիշվիլին BBC-ի հետ հարցազրույցում։
Չնայած նախագահը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի իր վետոն, այնուամենայնիվ, կարծում է, որ այն պետք է կիրառել, որպեսզի «ժողովրդի ձայնը լսելի լինի»։
Զուրաբիշվիլին եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել ԵՄ առաջնորդներին ակտիվացնել բարձր մակարդակի այցերը հանրապետություն օրինագծի հաստատումից հետո։
Նա հերթական անգամ հայտարարել է, որ օրինագծի ընդունման հարցում տեսնում է Ռուսաստանի հետքը։ Նախագահը նաև նշել է, որ Վրաստանի բնակիչները պետք է ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունենան հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանի ընտրությունում։