Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։ Քննարկվել են Շիրակի մարզում Քաղաքաշինության կոմիտեի պատվերով իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդգծել է, որ կոմիտեն հետևողական է լինելու՝ պատշաճ որակով և անհրաժեշտ ծավալով ավարտին հասցնելու իրեն վստահված ծրագրերը. «Մեր մոտեցումը հստակ է՝ որակի հարցում կոմպրոմիս չի լինելու, և այդ մասին հայտնել ենք շինարարական կազմակերպությունների ղեկավարներին։ Ծրագրերը համակարգելիս կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի ամենասեղմ ժամկետներում խնդիրները բացահայտվեն և լուծվեն»։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը այցելել է Շիրակի մարզի երեք բնակավայր՝ Բերդաշեն, Արեգնադեմ և Կապս, որտեղ իրականացվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագիրը։
Բերդաշենում իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։ Արեգնադեմում ընթացքում է դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքը, որի արժեքը 747 մլն 566 հազար դրամ է, 2024 թվականի համար հատկացվելու է շուրջ 389 մլն 461 հազար դրամ։
Կոմիտեի նախագահն ու մարզպետը մասնագետների հետ դիտարկել են կատարված աշխատանքները, շինարարներին հանձնարարել հնարավոր սեղմ ժամկետներում կատարել անհրաժեշտ շտկումները։
Դիտարկվել է նաև Կապսի դպրոցի շինարարության ընթացքը, որն ավարտական փուլում է: Ուսումնական հաստատությունն ունենալու է փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Աշխատանքային այցի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Շիրակի մարզպետը դիտարկել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքները։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։