Լեհաստանը լրջորեն մտածում է «Եվրոպական երկնային վահան» (ESSI) նախագծին մասնակցելու մասին՝ Ռուսաստանից հնարավոր հարձակման դեպքում իր օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։
Գերմանական նախաձեռնությանը մասնակցելու հարցում Լեհաստանում կոնսենսուս չկա։ Նախագահ Անջեյ Դուդան նախկինում ESSI-ն անվանել է «գերմանական բիզնես նախագիծ», որին Վարշավան չպետք է միանա, քանի որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ արդեն օգտագործում է Patriot համակարգերը: Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, սակայն, հակառակն է պնդում՝ ասելով, որ ՌԴ-ի կողմից աճող սպառնալիքի ֆոնին հակաօդային պաշտպանության մի քանի նախագծին Լեհաստանի մասնակցությունը բացասական չի համարում։
ESSI-ի նպատակն է ստեղծել կարճ, միջին և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության առավել համակարգված համակարգ, որպեսզի հնարավոր լինի պաշտպանվել օդային ցանկացած սպառնալիքից:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման շրջանակում, բացի Գերմանիայից, ևս 15 պետություն ստորագրել է եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մտադրության մասին հռչակագիրը։ Դրանք են՝ Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Էստոնիան, ինչպես նաև Սլովակիան, Սլովենիան, Չեխիան և Հունգարիան։ Հետագայում նախագծին են միացել Դանիան, Շվեդիան, Ավստրիան և Շվեյցարիան։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ եվրոպական ՀՕՊ-ն ավելի էժան և մարտունակ կլինի, քան եթե յուրաքանչյուր երկիր կառուցի իր սեփական թանկ ու բարդ ՀՕՊ համակարգը: Այնուամենայնիվ, Ֆրանսիան, Իտալիան և Լեհաստանը դեռ չեն միացել ESSI-ին: Փարիզը քննադատել է այն կետը, որ նախագծի համար նախատեսվում է տեխնոլոգիա և զենք գնել Իսրայելից ու ԱՄՆ-ից։