Ապրիլի 15-16-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում, որը հռչակվել է 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման հենակետային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Խորհրդի անդամները քննարկել են Ուզբեկստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված հարցեր, ԱՊՀ միջազգային երիտասարդական քաղաքականության ռազմավարության 2023-2024 թթ. գործողությունների ծրագիրը, ԱՊՀ մասնակից պետություններում «2024 թվականը՝ ԱՊՀ կամավորական տարի» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքներում իրականացվող միջոցառումները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև 2026 թվականին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում նախատեսվող միջոցառումներին։ Նիստի ընթացքում ընդունվել են նաև մի շարք որոշումներ. հաստատվել է, որ հաջորդ նիստը տեղի կունենա Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտի բարեփոխումները, որոնք ընդգրկում են օրենսդրական մշակումների, ինչպես նաև ենթակառուցվածքների և միջավայրի բարելավման աշխատանքներ՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը և հնարավորությունների ընդլայնմանը։ Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև նշել, որ կառույցների զարգացման շատ ծրագրեր հասանելի են դարձել երիտասարդական պորտալի և այլ ռեսուրսների միջոցով ինչպես ՀՀ երիտասարդներին, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող թե՛ հայ, թե՛ օտարերկրյա երիտասարդներին։
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք երիտասարդական միջոցառումների և ծրագրերի՝ ընդգծելով, մասնավորապես, մեդիագրագիտության, կիբեռգրագիտության, ֆինանսական գրագիտության և կամավորության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնց 2024 թվականին մասնակցության հնարավորություն ունեն նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդները։
Խորհրդի անդամները մասնակցել են Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման բացման արարողությանը, հանդիպել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողովի մասնակիցների հետ, ծանոթացել Տաշքենդում գործող մի շարք երիտասարդական կառույցների գործունեությանը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդը ստեղծվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին՝ համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների հետ աշխատանքի բնագավառում համագործակցության համաձայնագրի։ Ներկայում խորհրդին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը: