Ապրիլի 14-19-ը Եգիպտոսի Լուքսոր քաղաքում, ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի բարձր հովանու ներքո, անցկացվում է «ICPC (Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ) համաշխարհային եզրափակիչ 2023» միջոցառումը, որը համարվում է ծրագրավորման ոլորտում համալսարանական ամենահեղինակավոր մրցույթը։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
Մրցույթին մասնակցած աշխարհի 3400 համալսարաններից եզրափակիչ փուլ է անցել 111 երկրներ ներկայացնող 131 թիմ (2500 մասնակից), որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ԵՊՀ երեք ուսանողներից բաղկացած թիմը։ Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանի գլխավորությամբ։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը նույնպես գտնվում է Լուքսորում՝ ՀՀ պատվիրակությանն աջակցելու նպատակով։
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Աշրաֆ Սաբրին և Լուքսորի նահանգապետ Մուստաֆա Ալհեմը։
Ապրիլի 16-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ICPC հիմնադրամի ղեկավար Բիլ Փաուչերի և կազմակերպչական թիմի հետ։