ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է շվեյցարական «Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևային՝ քննարկելու զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ակտիվ շրջափուլում է գտնվում: Բարեփոխումների շրջանակում մեծապես կարևորվում են միջազգային բուհերի հետ համագործակցության խորացումը, միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական և կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատումը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի հատակագիծն այժմ մշակվում է:
Անդրադառնալով կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցումը Հայաստանի համար ակտիվ զարգացող ուղղություն է, և այս ոլորտում, հաշվի առնելով նաև տնտեսության զարգացման առաջնահերթությունները, կրթական ծրագրերի բովանդակային բարելավումը կարևոր է:
«Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել զբոսաշրջության և հյուրընկալության ուղղություններով իրենց կողմից իրականացվող կրթական ծրագրերը:
Վերջին 4 տարիներին մի շարք հայ ուսանողներ կրթություն են ստացել «Glion/Les Roches» ինստիտուտում: Յուլիա Տոկարևայի խոսքով՝ հայ շրջանավարտների բացարձակ մեծամասնությունը կրթությունը ստանալուց հետո վերադառնում է Հայաստան՝ մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով:
«Համագործակցում ենք տարբեր երկրների կառավարությունների հետ՝ կրթական ծրագրերի ռազմավարություն մշակելու նպատակով: Հայաստանը, իսկապես, մեծ հեռանկարներ ունի տուրիզմի և հյուրընկալության զարգացման առումով. ունեք գեղեցիկ երկիր, համեղ ուտելիքներ և հյուրասեր մարդիկ, որոնք հյուրընկալության զարգացած ոլորտ ունենալու կարևոր նախադրյալներ են: Մասնագիտական որակները հայրենիքի զարգացման գործում ներդնելու առումով հայ ուսանողները, իսկապես, օրինակելի են: Յուրաքանչյուր տարի շուրջ 20 ուսանող ենք ունենում Հայաստանից, որոնք ուսումնառության ավարտից հետո հիմնականում վերադառնում են Հայաստան»,- ասել է Յուլիա Տոկարևան:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երիտասարդ մասնագետների մասնակցությունը երկրի ու տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետական քաղաքականությունը միտված է նրանց գործունեության համար նպաստավոր միջավայրի ապահովմանը:
Նախարարի խոսքով՝ ստեղծվել են համագործակցության և սոցիալական գործընկերության նոր ձևաչափեր, որոնք նպատակ ունեն կրթության կազմակերպման գործում ներգրավելով մասնավոր հատվածին՝ պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ կադրեր:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն առաջարկել է դիտարկել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում ուսումնական պլանների մշակման ուղղությամբ հնարավոր փոխհամագործակցությունը:
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել խթանել միջբուհական համագործակցության ընդլայնումը: