Երևանում նախորդ տարի հիմնված 19 հա քաղաքային անտառներում ու վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 16 հա բուն անտառային գոտուց 15 -ը Եռաբլրի տարածքում է։
«Եռաբլուրը գիտեք, քարհանք էր։ Բացի քարերից , այստեղ անալիզները ցույց տվեցին, որ կա աղակալում։ Դա ևս բարդացրեց աշխատանքը։ Դրա համար հատուկ տեխնոլոգիա մշակվեց,- ասում է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը։
Այստեղ անցկացվեց շուրջ 8 կմ ոռոգման ցանց, տնկվեց ավելի քան 5 հազար ծառ և թուփ։ Ընտրվեցին հիմնականում կլիմայական պայմաններին դիմացկուն, պտղատու և անտառային ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի։ Ճանապարհի եզրագծով նաև սոսիներ տնկվեցին։
«Ի դեպ, մի մասը տնկվել էր մի քանի տարի առաջ և մեծ մասը չորացել էին, մեր կողմից, իհարկե, դրանք փոխվեցին։ Սովորաբար անտառային զանգվածը ստեղծվում է ավելի փոքր տնկանյութով, քան գծային տնկարկները փողոցներում։ Սրանք 3-4 տարեկան տնկարկներ էին, և մի 4 տարի հետո կտեսնեք բավական բարձր խտություն» ,- նշում է Խուրշուդյանը։
Օր ու գիշեր աշխատանք, և արդյունքն ուշացնել չտվեց։ Նոր հիմնված քաղաքային անտառներում կպչողականությունը կազմեց 95 տոկոս։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ սովորաբար կպչողականությունը հաշվում են փորձահրապարակներ հիմնելով, իսկ իրենք հատ առ հատ են ստուգել ու հաշվել։
«Եթե դուք տեսնում եք, որ ծառն այս պահին տերևակալած չէ, չի նշանակում, որ չորացած է։ Տարբեր ծառեր տարբեր ժամանակ են առաջացնում իրենց տերևային զանգվածը։ Օրինակ՝ մի ծառն արդեն տերևակալված է, անգամ ունի պտուղներ։ Եվ մյուս ծառը, որն առաջին հայացքից կարող է թվալ չորացած է, ուշադիր դիտելիս կտեսնենք, որ ամբողջը բողբոջ է։ Երբևէ Երևանում չի եղել՝ առանց լրացման։ Ի դեպ նորմալ մինև 75 տոկոսն է։ 95 –ի դեպքում լրացման աշխատանքներ չենք անելու, որովհետև խտությունը բավարար է»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի փորձագետը։
Երևանի բնապահպանական խնդիրները շատ են ու տարբեր։ Հիմնական լուծումը անտառային գոտիների ու կանաչ տարածքների ավելացումն է։ Սա հատկապես կարևոր է լանջային հատվածներում։
«Երբևէ չի եղել, որ մեկ-երկու տարվա ընթացքում 35 հա իրականում տնկված և կայացած զանգված լինի։ Եվ Ծիծեռնակաբերդը և Եռաբլուրը յուրահատուկ աշխատանքներ են՝ նոր մշակված տոխնոլոգիաներով, նոր մոտեցումներով։ Կայացած անտառներ են, և մի 4-5 տարի հետո մենք կհանձնենք քաղաքային անտառ մեր համայնքին։ Այ հենց սա է պակասում քաղաքի կանաչապատման մեջ»,-նշում է փորձագետը։
Այս տարի նախատեսվում է քաղաքային անտառներն ընդլայնել ևս 35 հա։ Նոր անտառներ կհիմնվեն Նորքի բարձունքում և Ավանում։ Նախագծերը մշակվում են, առաջնահերթորեն տեղերում պետք է լուծվի ոռոգման համակարգի խնդիրը։ Ծառատունկը նախատեսվում է արդեն աշնանը։