Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի մոտ, մեկ ոստիկան է տուժել ՆԳՆ ուժերի և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ ցույց իրականացնող քաղաքացիների բախումից: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` բախումներ են տեղի ունեցել խորհրդարանի մուտքի մոտ, որը ցուցարարները ցանկացել են արգելափակել:
Ակցիայի մասնակիցների մի մասն այնտեղ է տեղափոխվել Ռուսթավելիի պողոտայից` այն բանից հետո, երբ իմացել են, որ լիագումար նիստն ավարտվել է, և աղմկահարույց օրենքի նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորները պատրաստվում են լքել շենքը:
ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել` ցուցարարներին դարձյալ կոչ անելով խորհրդարանին պատկանող տարածքում ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, խուսափել բռնի գործողություններից ու ոստիկանների հետ բախումներից: ՆԳՆ-ն ցուցարարներին նախազգուշացրել է, որ հակաօրինական գործողությունների շարունակվելու դեպքում կկիրառվեն հատուկ միջոցներ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` ոստիկանությունն արդեն մի քանի ցուցարարի բերման է ենթարկել: