Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը:
Միաժամանակ խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաև երկրի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները: Խորհրդարանի հարակից տարածքում՝ Ճիճինաձե փողոցում, ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։
Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրավապահները փորձում են ստիպել նրանց լքել Ճիճինաձեի փողոցը՝ փոխանցում է 1tv.ge-ն:
«Կարծում եմ՝ երեկ հանրությունը համոզվեց, որ կա քննարկումը գոռգոռոցներով փակելու փորձ։ Մենք այժմ ապատեղեկատվության գրոհ ենք նկատում վրացական հասարակության վրա, որտեղ մինչ օրս փորձում են կարգախոսներով, լոզունգներով և դոգմաներով ճնշել ողջախոհությունը»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ փաստարկ ներկայացնելու փոխարեն կարծիքը հանրությանը վաճառվում է որպես փաստարկ: «Այն, ինչ մենք լսում ենք, թե դա ռուսական օրենք է և այլն, բոլորը դոգմատիկ դատողություններ են, երբ փաստարկներ չկան»,- նշել է Պապուաշվիլին:
Նա հավելել է, որ վրաց ժողովրդի կարծիքն ավելի կարևոր է, քան թե ինչ են ասում տարբեր ուժային կենտրոնների ներկայացուցիչները: