Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է զորահավաքի, զինվորական հաշվառման և զինվորական ծառայության որոշակի հարցերի կատարելագործման մասին օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր Գերագույն ռադայում: Օրենքն ուժի մեջ կմտնի մեկ ամսից:
Օրենքն ամրագրում է զորակոչային տարիքի իջեցումը 27-ից 25 տարեկանի, վերացնում «սահմանափակ պիտանի» կարգավիճակը։ Նոր օրենքով՝ արտերկրում մշտապես բնակվող քաղաքացիները պետք է ռազմական գրանցում ստանան Ուկրաինայում: Դրա կարգը պետք է որոշի կառավարությունը։
Բացի դրանից՝ պայմանական ժամկետով դատապարտյալներին կարող են զորակոչել զինվորական ծառայության, բացառությամբ՝ նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ: Կանանց պարտադիր մոբիլիզացիա չի լինի։
Օրենքի համաձայն՝ ժամկետային ծառայության փոխարեն ներդրվում է հիմնական զինվորական ծառայությունը։ Այն անցնում են 18-ից 25 տարեկան քաղաքացիները՝ այդ տարիքի ընթացքում իրենց ընտրած ժամանակաշրջանում: Ծառայությունը տևում է 3 ամիս՝ ռազմական դրության պայմաններում, մինչև 5 ամիս՝ խաղաղ պայմաններում։ Մինչև 60 տարեկան տղամարդիկ, ովքեր չեն անցել հիմնական համազորային ուսուցում կամ զինվորական ծառայություն, չեն կարողանա ընդունվել քաղաքացիական ծառայության: