Ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը: Օրվա շրջանակում Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում այսօր բացվել է ճանաչված նկարիչ, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բացառիկ երգիծանկարների ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներ, ստեղծագործողներ, կինոգործիչներ:
Ցուցահանդեսում ներկայացվել են անվանի երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բնօրինակ ստեղծագործությունները՝ դիմանկարային կինոերգիծանկարներ կինոաշխարհի նշանավոր դեմքերի՝ Ֆրունզե Դովլաթյանի, Լաերտ Վաղարշյանի, Յուրի Երզնկյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց կերպարներով, յարալյանական օրիգինալ մակագրություններով:
Ընդհանուր առմամբ ցուցադրվել են 19 մեծ և 24 փոքր չափի ստեղծագործություններ:
Բացառիկ ցուցանմուշների մի մասը շուրջ մեկ տարի առաջ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանին է նվիրաբերել նկարիչ, անիմատոր Վահրամ Բաղդասարյանը: