Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Նախագիծն ընդունվեց 79 կողմ, 0 դեմ ձայներով:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակն իր ելույթի ժամանակ հիշեցրել էր, որ Հայաստանը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանն ու առաջնահերթությանը, 2014 թվականի ՄԱԿ-ի ամբիոնից դատապարտել է Իրաքում եզդիների ցեղասպանությունը: 2015-ին և 2018-ին Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ դատապարտել էին եզդիների ցեղասպանությունն Իրաքում:
«Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ ՀՀ-ի համար, որովհետև տասնյակ պետություններ դատապարտել են եզդիների ցեղասպանությունը, բայց սա առաջին դեպքն է, երբ որևէ պետություն իր օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը որպես hիշատակի օր»,- նախագիծը ներկայացնելիս հայտարարել է Ռուստամ Բաքոյանը:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր հերթին նշել էր, որ ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: