Երիտասարդը, կարծում եմ, անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ նկարագրել տեղի ունեցածը՝ պատգամավորն ասաց` երբ ինքը ցանկացել է վճարել և իջնել տրանսպորտից, երիտասարդը փակել է իր ճանապարհը և վիրավորական արտահայտություններ արել:
Երբ պատգամավորը փորձել է իջնել, երիտասարդը փորձել է խոչընդոտել:
«Այդ ժամանակ ես հրում եմ նրան ու իջնում եմ. այդքան բան»,- ասաց Հակոբ Ասլանյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչու պատգամավորը տեղի ունեցածը չի գնահատում որպես «էմոցիոնալ պոռթկում», Ասլանյանը հակադարձեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, այլ հստակ կանխամտածված մոտեցում է»:
«Ես նստած եմ ինձ համար հանգիստ, գալիս եմ, որ կանգառում իջնեմ, ինքը դիմացս փակում է»,- պատմեց պատգամավորը՝ ընդգծելով՝ նա նկարահանելու իրավունք չուներ:
«Նկարահանելը նշանակում է մտնել իմ սեփական, անձնական տարածքը: Թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց նա նկարում էր: Դա ուղղորդված մոտեցում էր»,- ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը:
Դիտարկմանը՝ արդյոք նա ինչ-որ քաղաքական ուժի՞ է տեսնում կատարվածի հետևում, պատգամավորը պատասխանեց՝ գուցե քաղաքական գաղափար է տեսնում:
«Քննությունը գնում է, կպարզվի»,- ասաց Ասլանյանը:
Հարցին՝ եթե նման բան տեղի ունենար ընդդիմադիր պատգամավորներից մեկի հետ, օրենքը նման ուժով կգործե՞ր, Հակոբ Ասլանյանը տվեց դրական պատասխան:
«Միանշանակ: Օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ: Մեզնից յուրաքանչյուրի իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները»,- համոզմունք հայտնեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ սկզբում մտադրություն չի ունեցել դիմելու իրավապահներին, և ինքը դա չէր հանրայնացնի, եթե երիտասարդը դա չտարածեր սոցցանցում:
«Ինձ զանգեր եղան, և ես ասացի, ես դա բացելու նպատակ չունեմ, արել է, թող ինքն իրենով տապակվի, բայց մի քիչ հետո սկսում են զանգերը, որ արդեն Ֆեյսբուքը պայթում է: Այդ դեպքում ուրիշ բան չէր մնում անելու: Նորից եմ ասում՝ եթե ինքը դա Ֆեյսբուք չգցեր, այո՛, ես չէի պատրաստվում որևէ մի բան անել»,- ընդգծեց Հակոբ Ասլանյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք առերեսում եղել է, պատգամավորը դրական պատասխան տվեց:
«Ես գտնում եմ, որ մենք պետություն ենք կառուցում, և պետության կառուցման դեպքում ամեն մարդ օրենքի առջև պետք է պատասխան տա իր արածների համար»,- խոսքը եզրափակեց Ասլանյանը:
Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ: Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ մի երիտասարդ փորձում է խոչընդոտել 69-ամյա պատգամավորին իջնել տրանսպորտից՝ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով:
Ոստիկանությունը
ձերբակալել է պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակցին: