Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, Ջրաշատ փողոցի 27, Սարմենի փողոցի 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մակերեսով հողամասերը և նրանցում առկա շինությունները: Այդ մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը:
««Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրած դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը՝ նշված հասցեներում գտնվող անշարժ գույքեր նվիրաբերելու համայնքին՝ պայմանով, որ նշված անշարժ գույքերում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու, այլ օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,- ասաց նա:
Վահան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի կողմից Երևան համայնքին է նվիրաբերվել «Կասկադ» համալիրի հարակից տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և Երևան համայնքը հայտնել է պատրաստակամություն՝ ավարտին հասցնելու «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքի կապը 50-ամյակի հուշարձանի հետ:
«Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ նվիրատվության ենթակա «գույքն» օգտագործվելու է միայն բարեկարգման նպատակով, և որ տարածքում անհնար կլինի, կանաչապատումից զատ, այլ բան անել, ուստի առաջարկեց՝ պայմանագրում ժամկետ նշել, օրինակ՝ սահմանափակում դնել 99 տարի ժամկետով:
«Եթե «Կասկադ» համալիրը 50 կամ 100 տարի հետո չի քանդվելու և մեկ այլ բան կառուցվելու, այն տարածքները, որոնք այսօր մենք նվիրաբերությամբ ընդունում ենք, վստահաբար այդտեղ որևէ կառուցապատման աշխատանք՝ ո՛չ նորմատվային տեսանկյունից, ո՛չ ճարտարապետական տեսանկյունից, չեն կարող նախատեսվել: Եվ այդտեղ կան սահմանափակումներ,- ասաց Ավինյանը և հավելեց.- Այն, ինչ մենք քննարկում ենք, արդեն իսկ նորմատիվային բազայով հավանականությունն այն է, որ այդտեղ կառուցապատման սահմանփակումն առկա է՝ անկախ նրանից, թե մենք այս պայմանագրով ֆիքսո՞ւմ ենք դա, թե՞ չէ»:
Ըստ Ավինյանի՝ «Կասկադը» Երևանի տուրիստական կենտրոններից ու ամենասիրելի վայրերից մեկն է, և այս որոշմամբ ունենալու ենք «Կասկադ» համալիրի վերջնական տեսքը. «Երևանցիները պետք է իմանան, որ «Կասկադ» համալիրն ամբողջապես վերջնական տեսքի է գալիս»: