ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարևոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում։
Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի և Բարձր Ներկայացուցչի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպման օրակարգը և նպատակը ուրվագծվել են անցյալ տարի Գրանադայում ՀՀ վարչապետի և ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպման ժամանակ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման շրջանակներում: Հայտարարվել է Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, առևտրային գործընկերությունների բազմազանեցմանն ու հզորացմանը ԵՄ-ԱՄՆ համատեղ աջակցության մասին։ Սակայն, դրանից առավել, իրադարձությունն ինքնին աննախադեպ էր իր ձևաչափով և քաղաքական ուղերձի իմաստով։
«Մենք կարծում ենք, որ ավելի ուժեղ և ավելի կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս», - սրանք Բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի խոսքերն են:
«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք, որ Հայաստանը որպես ուժեղ, անկախ պետություն իր տեղը զբաղեցնի իր հարևանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
Այս բանաձևումները լավագույնս արտացոլում են Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի տեսլականների զուգահեռումը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, և նրա ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելը օրակարգային է:
Մեզ համար առանցքային է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարևան երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն ստանձնեց առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն «աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են»:
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Պետք է փաստեմ, սակայն, որ բանակցությունները ընթանում են դանդաղ՝ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության հետևանքով։ Այստեղ հարկ է նշել նաև, որ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական»։ Իրականությունն այն է, որ եթե այս պատմության մեջ կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է, որը հրաժարվեց մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանացակցություններին, մերժեց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին և այդպես շարունակ։
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում։
«Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները և ազատորեն գծում է իր սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,- ասվում է Բրյուսելյան հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ։
Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին: Եկեք առաջնորդենք մեր համագործակցությունը դեպի նոր հորիզոններ»: