Վրաստանի խորհրդարանի հետնամուտքում բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքված հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ: «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ կքննարկի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը։
Օրինագծին դեմ արտահայտվողները ծրագրել են հանրահավաք անցկացնել նաև երեկոյան: Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի, Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպաններին հրավիրել է հանրային քննարկում անցկացնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ, որը կքննարկվի խորհրդարանում` հաջորդ շաբաթ։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Վրաստանի իշխանությունները մի քանի դեսպանից լսել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ քննադատական հայտարարություններ։
Կոբախիձեի համոզմամբ՝ «Վրաստանի իշխանությունների և դեսպանների միջև առարկայական բանավեճի ուղիղ հեռարձակման պայմաններում «վրացական հասարակության մոտ կձևավորվի շատ ավելի հստակ պատկերացում օրինագծի էության և պետական ինքնիշխանության պաշտպանության նպատակով օրենքի ընդունման անհրաժեշտության մասին»: