Մայիսի 14-16-ը Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է 1991 թվականին՝ նպաստելու շուկայական տնտեսությունների կայացմանը և խթանելու մասնավոր հատվածի զարգացումը:
ՎԶԵԲ-ի բաժնետեր են 72 անդամ երկրները, ինչպես նաև Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային բանկը: Աջակցելով ավելի քան 40 տնտեսությունների երեք մայրցամաքներում՝ ՎԶԵԲ-ն ակտիվորեն նպաստում է իր անդամ պետությունների տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային ինտեգրմանը և համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետությունը ՎԶԵԲ-ին անդամակցում է 1992 թվականի դեկտեմբերի 7-ից: Հայաստանի Հանրապետությունում ՎԶԵԲ-ը մասնակցել է 210 ծրագրերի ֆինանսավորմանը, ընդհանուր ներդրումային պորտֆելը կազմում է 2.080 միլիարդ եվրո, որից 343 մլն եվրոն` ընթացիկ ծրագրերի գծով: ՀՀ մասնավոր հատվածում ներդրումների չափաբաժինը բանկի պորտֆելում կազմում է 81%:
Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը համախմբում է ՎԶԵԲ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների՝ համընդհանուր ֆինանսատնտեսական խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և դրանց լուծումների շուրջ համագործակցելու նպատակով: Միջոցառումը կարևորագույն հարթակ է երկխոսության, կապերի հաստատման և փոխգործակցության ձևավորման համար՝ խթանելու ՎԶԵԲ գործունեության տարածաշրջաններում տնտեսական զարգացումն ու կայունությունը»,- նշվում է հաղորդագգրության մեջ: