Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։
Հանդիպման սկզբում նախարարը ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և որոշ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ավստրալական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ, որից հետո անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար։