ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 12-14-ը Երևանում անցկացվել է վոլեյբոլի կանանց «Պրո լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ երրորդ փուլի հանդիպումները։
«Պրո լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել է դեռ 2023 թվականի գարնանը, որին մասնակցել են 6 թիմեր՝ մինչ երրորդ փուլը պայքարելով լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Փլեյ-օֆֆ փուլում արդեն մրցելու էին լավագույն 4 թիմերը։
Երկրորդ փուլի արդյունքներով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Վան», ՖԻՄԱ, «Ավան» և «Բրյուսովի պետական համալսարան» թիմերը, որոնք էլ պայքարել են մրցանակային տեղերի համար։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է «Վանը»՝ հաղթելով բոլոր մրցակիցներին և վաստակելով 36 միավոր: Երկորդ տեղը զբաղեցրել է ՖԻՄԱ ակումբը՝ 22 միավորով, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է երիտասարդ մարզիկներով համալրված «Ավան» թիմը՝ 15 միավորով, իսկ լավագույն քառյակը եզրափակել է ԲՊՀ-ի թիմը՝ 13 միավորով։
Կանանց առաջնությունում լավագույն մարզիկներ են ճանաչվել Ելիզավետ Տոնոյանը («Վան»), Լեռնուհի Սարգսյանը (ՖԻՄԱ), Էլեն Առաքելյանը (ԲՊՀ), Սեդա Մաթևոսյանը («Ավան»), Վիկտորյա Գրաբոսկայան (Վան) և Փարիզա Գհանբառնեժադը («Վան»):
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և հատուկ մրցանակներով։ Մրցանակակիր թիմերին պարգևատրել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և ՀՎՖ նախագահության անդամները։
Ավելի վաղ կայացել էին նաև Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ՝ չորրորդ փուլի հանդիպումները։ Ընդ որում, առաջնության եզրափակիչ հանդիպումներում ֆեդերացիայի կողմից առաջին անգամ կիրառվել էր VAR համակարգը, որը վիճահարույց դրվագներում օգնել էր մրցավարներին։ Ի վերջո, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը (ՄՍՀԿ), հաղթելով բոլոր երեք մրցակիցներին, հռչակվել էր լիգայի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել էր ՖԻՄԱ թիմը, երրորդ տեղը՝ ԲԿՄԱ-ն, իսկ լավագույն քառյակը եզրափակել էր «Գյումրին»։