«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից:
«Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ):
Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմիա և լյարդի սալջարդ։
Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բժիշկների վերահսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։