Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է «Թայմսի» հրապարակմանը, ըստ որի` Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել՝ այնտեղ ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղակայման մասին, քանի դեռ նրանց դիմումները քննարկվում են:
«ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,-
1Լurer.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Թայմսը» ապրիլի 15-ին հոդված է հրապարակել՝ վկայակոչելով Բրիտանիայի կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով: Հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով անօրինական միգրանտների ժամանակավոր տեղակայման հարցով բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ: Ըստ հրապարակման՝ Երևանի հետ բանակցությունները սկսվել են դեռևս 2023 թվականին, երբ Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Լեո Դոչերտին: